«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մանուկ Աբեղյան- 160. Դասական հայագիտության վիթխարի, դիմացկուն ու անհողդոդ կաղնին

Մանուկ Աբեղյան- 160.  Դասական հայագիտության վիթխարի, դիմացկուն ու անհողդոդ կաղնին
23.03.2025 | 06:29

*Մեր կուլտուրան պետք է լինի մեր` իբրև առանձին ազգ գոյության իրավունքը:

*Մենք ամենից առաջ պետք է ճանաչենք մենք մեզ, մեր երկրի ու ժողովրդի անցյալը:

*Գիտությունը պետք է հեշտությամբ թափանցի ժողովրդի բոլոր խավերի մեջ:

*Ակադեմիան պիտի գործի և աշխատի մեր ժողովրդի բոլոր խավերի համար:

*Մենք ընդհանուր եվրոպական գրականության երկրպագուներ ենք, գիտենք գնահատել եվրոպական նշանավոր հեղինակների գրվածքները և նրանցով ոգևորվել, սիրում ենք ծանոթանալ օտարների կյանքին և սովորել օտար լեզուներ: Իսկ մե՞րը, մեր անցյա՞լը, մեր մատենագրությո՞ւնը, մեր լեզո՞ւն…

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ

Անգնահատելի, լայն ու ընդգրկուն է հզոր հայագետ, լեզվաբան, գրականագետ, բանահավաք, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մանուկ Աբեղյանի գրական, հասարակական, մանկավարժական և գիտական գործունեությունը: Նա ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը` հարազատ ժողովրդի ազատության, ազգային գիտակցության արթնացման, լուսավորության ու առաջադիմության գործին, նրա լավագույն իղձերի իրականացմանը:

Ըստ գրականագետ, բանահավաք Արամ Ղանալանյանի` Մ. Աբեղյանը աչքի էր ընկնում ոչ միայն բնատուր մեծ տաղանդով և ստեղծագործական խոշոր կարողություններով, այլև անսպառ եռանդով, բացառիկ աշխատասիրությամբ, իմացությունների հսկայական պաշարով, հզոր ունակությամբ:

Մեծ է Աբեղյանի վաստակը հայ ժողովրդական բանահյուսության, լեզվի ու գրականության ուսումնասիրության բնագավառներում: Նա եղել և մնում է հայագիտության կատարյալ, «ամենակարկառուն և ամենից ավելի հեղինակավոր դեմքը»: Կանգնած լինելով ժամանակի եվրոպական ու ռուսական առաջավոր դիրքերի վրա, յուրացնելով իր մեծ նախորդների` Ղևոնդ Ալիշանի, Արսեն Այտնյանի, Մկրտիչ Էմինի ու Ստեփանոս Պալասանյանի հարուստ ժառանգությունը` Աբեղյանը կես դարից ավելի պեղեց, ուսումնասիրեց, հայտնաբերեց ժողովրդի հոգևոր ստեղծագործության հազարամյա գանձերը, և, իր ինքնուրույն ու ծանրակշիռ խոսքն ասելով դրանց մասին, նոր աստիճանի բարձրացրեց հայագիտությունը:

Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թ. մարտի 17-ին (հին տոմարով` 5-ին), Հին Նախիջևանի Աստապատ գյուղում (ըստ բանագետ Սարգիս Հարությունյանի` պատմել են, որ Ավարայրի դաշտից Վարդան Մամիկոնյանի մարմինն «այդտեղ են բերել ու պատել», որից և տեղանունը` Աստ-ա-պատ)` հողագործ Խաչատուր Աբեղյանի բազմանդամ ընտանիքում (Աբեղյանների տոհմը նախապես կոչվել է Աղբեղյան` անվանատու նախնու` Պետրոսի Աղբեղ (թրք. սպիտակ բեղ) մականվան հիման վրա, որ տրվել է Պետրոսին` բեղի մեկը սպիտակ լինելու պատճառով): Լինելով ընտանիքի կրտսեր զավակը` Մանուկը մանկուց դառնում է ծնողների` հատկապես հոր, սիրո և ուշադրության առարկան:

«Հայրը` Խաչատուրը, լինելով անգրագետ և անուսում, կյանքն ու բախտը կապած հողին, լավ էր զգում ուսման հարգն ու արժեքը և ձգտում էր, որ զավակներն էլ իր նման զուրկ չմնան գրից ու գիտությունից» (Սարգիս Հարությունյան) (Մ. Աբեղյանի կյանքի և գործունեության մասին առավել մանրամասն տե՛ս Սարգիս Հարությունյան «Մանուկ Աբեղյան. Կյանքն ու գործը», Եր., 1970):

1876 թ. մի երջանիկ դիպվածի շնորհիվ, Մ. Աբեղյանը դառնում է Էջմիածնի Գևորգյան նորաբաց ճեմարանի (ուր սովորել է 1876-1885 թթ.) աշակերտ: Իր ընդունակությունների ու լավ վարքի համար նա ճեմարանում արժանանում է բոլոր ուսուցիչների սիրուն ու համակրանքին: Նրան հատկապես խրախուսում է ճեմարանի տեսուչն ինքը` Գաբրիել եպիսկոպոս Այվազյանը: Աբեղյանի ուսուցիչները եղել են այնպիսի առաջավոր գիտնականներ, ինչպիսիք են` Ստեփանոս Պալասանյանն ու Սեդրակ Մանդինյանը, Կարապետ Կոստանյանն ու Նիկողայոս Քարամյանը: Վերջիններս նրան հաղորդել են ոչ միայն հիմնավոր գիտելիքներ, այլև ներշնչել են հայրենասիրական ու լուսավոր բարձր գաղափարներ, հարազատ ժողովրդին անձնվիրորեն ծառայելու անհրաժեշտության գիտակցություն:

Առաջին ծիլերը, որոնցով իր գոյությունն էր ավետում գրական աշխարհին պատանի Աբեղյանը, բանաստեղծություններն էին` ինքնուրույն և թարգմանական:

Դեռևս ճեմարանական նստարանից նա գրում է իր անդրանիկ ոտանավորները, որոնք տպագրվում են «Աղբյուր» մանկական ամսագրում (1886 թ.): Այս գրական սկսնակ ելույթներով Աբեղյանի անունը մուտք է գործում գրական անդաստան, իսկ 1888-ին, երբ Շուշիում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների գիրքը` «Նմուշները», քննադատներից ոմանք հակված էին Աբեղյանի մեջ իսկական բանաստեղծի տեսնել:

Աբեղյանի գրական երախայրիքը հանդիսանում է «Սիփանա քաջեր» (1886) խորագրով բանաստեղծությունը` Կոմիտասի դաշնակած անբառ «Լօ՜, լօ՜, լօ՜» հայտնի քայլերգի համար: Բանաստեղծության նյութն ընտրված է 9-րդ դարի կեսին արաբ զավթիչների դեմ սասունցիների բարձրացրած նշանավոր զինված ապստամբությունից:

Ուշարժան է, որ նրա բանաստեղծությունների թեման սերը չէր, այլ ժողովրդի ավանդություններն ու զրույցներն էին, հնամենի հավատալիքներն ու դիցաբանական կերպարները. և այդ ոչ միայն ինքնուրույն գործերում, այլև թարգմանական:

Աբեղյանի գիտական կենսագրության առաջին էջը նշանավորվում է «Սասունցի Դավիթ» երկրորդ պատումի հայտնաբերումով:

1889 թ. Շուշիում լույս տեսած «Դավիթ և Մհերն» էր, հայ ժողովրդական վեպի երկրորդ նշանավոր պատումը, որ մինչև այդ գիտությանն հայտնի Գարեգին Սրվանձտյանի առաջին ու միակ պատումից հետո գալիս էր հաստատելու, որ հայ ժողովրդական նորահայտ վեպը ոչ թե պատահական կամ տեղական բնույթի մի ստեղծագործություն է, սոսկ Տարոնին հատուկ, այլ մի համազգային վեպ, որ վաղուց է դուրս եկել Մշո կամ Սասնո սահմաններից ու դարձել Հայաստանի այլ գավառների սեփականություն ևս: «Սասնա ծռեր» վեպի այդ նոր պատումը Աբեղյանը գրի է առել Գևորգյան ճեմարանում սովորելիս` 1886 թ., ճեմարանի դռնապան մոկացի Նահապետից (Նախո քեռի): «Դավիթ և Մհեր»-ով նա ճանաչում է ձեռք բերում և ընդմիշտ նվիրվում գիտությանը: Նույն տարում (1889 թ.) «Մուրճ» ամսագրում սկսում է լույս տեսնել Մ. Աբեղյանի անդրանիկ հետազոտությունը` «Ազգային վեպ» խորագրով:

Իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ` նա պաշտոնավարում է նախ ճեմարանում (1885-1887 թթ.), ապա Շուշիի թեմական դպրոցում (1887-1889 թթ.), այնուհետև Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում (1889-1893 թթ.): Մանկավարժությանը զուգահեռ` կատարում է գրական, հասարակական, գիտական աշխատանքներ, արձագանքում է ժողովրդին հուզող ազգային, քաղաքական, սոցիալական, գրական ու մշակութային հրատապ հարցերին: Աբեղյանը տպագրում է բազմաթիվ հոդվածներ ու գրախոսություններ ժամանակի նշանավոր պարբերականների («Նոր-դար», «Մուրճ», «Արարատ» և այլն) էջերում` Վարսամ ու Գիսավոր ծածկանուններով:

1893 թ. բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով, Աբեղյանը մեկնում է արտասահման: Մինչև 1895 թ. սովորում է Ենայի և Լայպցիգի (Գերմանիա) համալսարանների բանասիրական ֆակուլտետներում: 1896-1897 թթ. նա, իբրև ուսանող և ազատ ունկնդիր, դասախոսություններ է լսում Բեռլինի և Փարիզի (Սորբոն) համալսարաններում: Աբեղյանը խորանում է գերմանո-ֆրանս դասական բանասիրության գլխավոր առարկաների մեջ (լեզու, պատմություն, գրականություն, գրականության տեսություն, փիլիսոփայություն), հմտանում հնդեվրոպական ժողովուրդների առասպելաբանության և հին հավատալիքների ուսումնասիրության մեջ` համեմատելով հայ ժողովրդական հավատալիքների հետ, ծանոթանում մի շարք նշանավոր պրոֆեսորների հետ, այդ թվում` եվրոպացի աշխարհահռչակ հայագետներ` Հ. Հելցերի և Ա. Մեյեի հետ:

1898 թ. Աբեղյանը Ենայի համալսարանում հանձնում է ավարտական քննությունները, փայլուն կերպով պաշտպանում է իր ատենախոսությունը (դիսերտացիան)` նվիրված հայ ժողովրդական հավատալիքներին, և ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան:

1898 թ., արտասահմանից հայրենիք վերադառնալով, Աբեղյանը ստանձնում է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանի լսարանական բաժնի հայագիտական մի շարք կարևոր առարկաների դասախոսի պարտականությունը, և մնում է Էջմիածնում մինչև 1914 թ.: Նրա հետ այդ նույն տարիներին աշխատում են պատմաբան Հակոբ Մանանդյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը, արվեստաբան Գարեգին Լևոնյանը և ուրիշներ: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ` նա զբաղվում է գրական-հասարակական գործունեությամբ (այս մասին առավել մանրամասն տե՛ս Ղանալանյան Ա., «Մանուկ Աբեղյանի կյանքն ու գիտական գործունեությունը», Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Ա, Եր., 1966):

Հայոց հնագույն հավատալիքների ու առասպելների, «Սասունցի Դավիթ» աշխարհահռչակ էպոսի, վիպական ու քնարական երգերի, հին ու նոր լեզվի, բազմադարյան գրականության ուսումնասիրությունը անքակտելիորեն կապված է Մանուկ Աբեղյանի անվան հետ:

Աբեղյանի բանագիտական հիմնական գործերն են` «Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ» (Վաղարշապատ, 1900), «Հայ ժողովրդական վեպը» (Թիֆլիս, 1908), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (Երևան, 1931), «Ժողովրդական խաղեր» (Վաղարշապատ, 1905):

Աբեղյանը գիտական վիթխարի ներդրում է ունեցել հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում: Նրա քերականագիտական և լեզվաբանական հիմնական գործերն են` «Աշխարհաբարի շարահյուսություն» (Վաղարշապատ, 1912), որ շատ բարձր է գնահատել աշխարհահռչակ լեզվաբան-հայագետ Անտուան Մեյեն, «Հայոց լեզվի տեսություն» (Երևան, 1931), «Հայոց լեզվի տաղաչափություն» (Երևան, 1933):

Աբեղյանի հայոց հին գրականությանը նվիրված հիմնական աշխատություններն են` «Շարականների մասին» (Էջմիածին, «Արարատ» ամսագիր, 1912), «Գրիգոր Նարեկացի» (Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդես», 1916), «Հայոց միջնադարյան առակները և սոցիալական հարաբերությունները նրանց մեջ» (Երևան, 1935), «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրի ու գրականության սիզբը» (Երևան, 1941), «Հայոց հին գրականության պատմություն» (Երևան, 1-ին հատոր` 1944 թ. , 2-րդ հատոր` 1946 թ.):

Հայագիտության համար խոշոր նշանակություն ունեցող սկզբնաղբյուրների հրատարակության ու բառարանագրության աշխատություններից են` «Մ. Խորենացի «Հայոց պատմություն»» (բաղդատական բնագիր) (Թիֆլիս, 1913), «Ռուս-հայերեն ռազմական բառարան» (Երևան, 1925), «Սասնա Ծռեր» (Կ. Մելիք Օհանջանյանի աշխատակցությամբ) (Երևան, 1-ին հատոր` 1936 թ., 2-րդ հատորի Ա գիրք` 1944 թ., Բ գիրք` 1951 թթ.), «Ժողովրդական խաղիկներ» (Երևան, 1940), «Գուսանական ժողովրդական տաղեր» (ուրախության, սիրո, հարսանիքի, օրորոցի, լացի) (Երևան, 1940), «Կորյուն «Վարք Մաշտոցի»» (բաղդատական բնագիր) (Երևան, 1941 ), «Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարան» (Երևան, 1951) և այլն (այս մասին առավել մանրամասն տե՛ս Ղանալանյան Ա., «Մանուկ Աբեղյանի կյանքն ու գիտական գործունեությունը», Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Ա, Եր., 1966):

«Մանուկ Աբեղյանի բազմահատոր աշխատությունները դասական հայագիտության կոթողներից են: Դրանք հայ ժողովրդի դարավոր մշակույթի յուրօրինակ հանրագիտարաններն են, որոնցից առատորեն օգտվել են նրա ժամանակակիցները և որտեղից պետք է շարունակեն օգտվել գիտության ծարավի գալիք սերունդները», - դիպուկ կերպով գրում է Ա. Ղանալանյանը:

Կառավարության որոշմամբ` ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտը 1945 թվականից կոչվում է Մանուկ Աբեղյանի անունով:

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3444

Մեկնաբանություններ